Մի հետաքրքիր դիտարկում անեմ Իրանի շուրջ այսօր ընթացող ռազմական ու քաղաքական գործընթացների հետ կապված, որի մասին օրերս ընկերներս արդեն ակնարկ արել էին՝ քննարկելով ընթացող պատերազմական գործողությունները։
Ըստ էության՝ տեղի ուենցողը պետք է դիտարկել ոչ միայն որպես հերթական տարածաշրջանային հակամարտություն, այլ նաև որպես որոշակի քաղաքակրթական բախում։ Այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ կարևոր բանաձև, որը, թերևս, Արևմուտքը լավ չի կաորղանում ընկալել, որ Իրանը Իրաքը չէ։ Այն, ինչ արեցին Իրաքի հետ՝ Իրանի պարագայում ոչ մի ձևով չի ստացվելու։
Եթե Իրաքը որպես պետություն ձևավորվել է 20-րդ դարասկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ եվրոպական տերությունները բաժանեցին Օսմանյան կայսրության տարածքները Սայքս-Պիկոյի համաձայնագրի շրջանակում, ապա Իրանը բոլորովին այլ պատմական ճանապարհ է անցել։ Իրաքը մեծապես ստեղծվել էր որպես վարչական միավոր՝ արտաքին ուժերի արհեստական գծած սահմաններով, մինչդեռ Իրանը հազարամյակների ընթացքում ձևավորված պետական և մշակութային կենտրոն է։
Իրանական պետականության արմատները գալիս են դեռևս Աքեմենյան կայսրության ժամանակներրից: Այդ պետությունը Կյուրոսի գլխավորությամբ ոչ միայն հսկայական տարածքներ էր կառավարում, այլ նաև ձևավորել էր պետական կառավարման, մշակույթի և ինքնության այնպիսի ավանդույթներ, որոնք տարբեր ձևերով շարունակվել են մինչև մեր օրերը։ Հետագայում, օրինակ՝ Սեֆյաննների ժամանակաշրջանում, ամրապնդվեց նաև Իրանի կրոնական ինքնությունը՝ շիականության հիմքով, ինչը դարձավ պետականության կարևոր բաղադրիչներից մեկը։
Այս պատճառով Իրանը «ամերիկյան երազանքի» սրտի հերթական պետությունը չէ Մերձավոր Արևելքում։ Այն իրականում հին քաղաքակրթական կենտրոն է՝ հազարամյակների պետական հիշողությամբ։ Ասեմ ավելին, այն որպես պետություն միայն վարչական կառույց չէ, այլ պատմության, մշակույթի և հավատքի հետ սերտաճած մի համակարգ։
Հենց սա է պատճառը, որ արտաքին ճնշումները կամ ռազմական սպառնալիքներն Իրանի դեպքում հաճախ չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում են արտաքին ուժերը։ Իրանում պետության գաղափարը հասարակության լայն շերտերի համար ունի խորքային, անգամ խոհափիլիսոփայական նշանակություն։ Իհարկե, Արևմտյան արժեհամակարգի համար անհասկանալի ու գերբարդ է ընկալել հավատ եզրույթի բացատրությունը, որը ներկայացվում է որպես Աստվածային շնորհ։
Այս իմաստով Իրանը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածաշրջանային հերթական դերակատար, այլ որպես հին և ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն, և պետք է ընկալել ոչ թե որպես «չարիք», այլ՝ Արևելքի մարգարիտ։
Արմեն Հովասափյան